Սնանկությունը բավականին բարդ ու ծավալուն գործընթաց է և ունի կարևոր նշանակություն պետության հասարակական ու տնտեսական կյանքում, ուստի դրան դիմելիս անհրաժեշտ է համապատասխան պատրաստվածություն։
Սնանկության ընթացակարգի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հավաքագրումն ու գործողությունների իրականացումը հեշտ աշխատանք չէ, ահա թե ինչու նախընտրելի է դիմել իրավաբանական օգնության։
Մասնագիտական օգնության հարկավոր է դիմել Ձեր կամ գործընկերոջ մոտ անվճարունակության առաջին հատկանիշների ի հայտ գալու դեպքում, քանի որ օրենսդրական կարգավորումներին չտիրապետելը և անհրաժեշտ քայլերի ոչ ճիշտ կազմակերպումը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական և քրեաիրավական հետևանքների։
Թեպետ սնանկության սուբյեկտներ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարագայում գործընթացներն ունեն մի շարք առանձնահատկություններ, և յուրաքանչյուրի մասով սնանկության նպատակները տարբեր են, սակայն երկու դեպքում էլ հարկավոր է հստակ պատկերացնել մեխանիզմներն ու ճիշտ հաշվարկել քայլերը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու և նոր խնդիրների չբախվելու համար։ Այդ ամենին կարելի է հասնել իրավաբանական գրագետ խորհրդատվության շնորհիվ։
Որոշակի տարբերություններ կան նաև սնանկության երկու տեսակների՝ կամավոր ու հարկադրված սնանկության ընթացակարգերի միջև, այդ պատճառով կարևոր է տիրապետել նրբություններին՝ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու նպատակով։ Իրավանական ճիշտ ուղղորդումը կօգնի ելքեր գտնել այդ շրջանում ծագող բազմաբնույթ խնդիրներից։
Սնանկության իմաստն ընդհանուր առմամբ ֆինանսատնտեսական ծանր իրավիճակում հայտնված անձանց նոր ֆինանսական կյանք սկսելու հնարավորություն տալն է, որն անգլերեն տերմինով ընդունված է կոչել “Fresh start”։
Երբ ֆիզիկական անձի մոտ առկա են անվճարունակության հատկանիշներ, ու նա այլևս ի վիճակի չէ սպասարկել իր ֆինանսական պարտավորությունները, օրենքը տալիս է որոշակի հնարավորություն, որ անձը կա՛մ ազատվի իր պարտավորություններից, կա՛մ նրա համար ձևավորվի նոր՝ ավելի նպաստավոր իրավիճակ՝ ի դեմս ֆինանսական առողջացման ծրագրի, որպեսզի անձը կարողանա սպասարկել իր պարտավորությունները և չկանգնի ծանր հետևանքների առջև։
Ինչ վերաբերում է կազմակերպությունների անվճարունակությանը, ապա այստեղ նպատակն այն է, որ տնտեսական կյանքից դուրս բերվեն այն հիվանդ օղակները, որոնք այլևս չեն կարողանում սպասարկել իրենց պարտավորությունները՝ չառաջացնելով շղթայական խնդիրներ նաև գործընկեր կազմակերպությունների մոտ և չխոչընդոտելով նաև դրանց բնականոն գործունեությանը։ Հետևաբար, եթե առկա է իրավաբանական անձ սուբյեկտին առողջացնելու հնարավորություն, ապա իրականացվում է ֆինանսական առողջացման ծրագիր, իսկ եթե ոչ՝ ապա այդ կազմակերպությունը լուծարվում է և դուրս է գալիս տնտեսական շղթայից, որի տեղը հետագայում ենթադրաբար զբաղեցնում է այլ կազմակերպություն։
Նշենք, որ սնանկությունն ունի առանձնահատուկ շատ գործիքներ, որոնք հատուկ չեն սովորական քաղաքացիա-իրավական հարաբերություներին։ Այսպես, երբ առկա է դատարանի վճիռ սնանկ ճանաչելու մասին, պարտապանի հանդեպ կիրառվում է «մորատորիում» (լատիներենից թարգմանած՝ «սառեցում»), այսինքն՝ պարտապանի մոտ դադարում են իր պարտավորությունների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, տույժերը, տուգանքները, ինչն էլ սնանկության ինստիտուտի հիմնական դրական դրույթներից մեկն է։ Նմանատիպ գործիքներից է նաև սնանկության վճռի կայացման պահից պարտապանի նկատմամբ առկա գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր դատական գործերի կամ կատարողական վարույթների կարճումը, քանի որ, սնանկության ռեժիմի մեջ մտնելով, այս հարցը ևս տեղափոխվում է սնանկության դաշտ։
Ի տարբերություն սովորական քաղաքացիա-իրավական հարաբերությունների, որտեղ յուրաքանչյուր պարտատեր փորձում է առաջնահերթ կերպով և հնարավորինս արագ պարտապանից հետ ստանալ իր գումարը, ապա սնանկությունը կոլեկտիվ վարույթ է, և դրա նպատակը կոլեկտիվ կերպով ամբողջական լուծումներ գտնելն է տվյալ սուբյեկտի համար, հետևաբար պարտատերերի միջև պարտապանի դրամական միջոցների բաշխումն իրականացվում է ոչ թե ըստ գումարի բռնագանձման հայցի կամ կատարողական թերթ ստանալու ժամանակագրության, այլ ըստ օրենքով կարգավորված հերթականության։
Այլ կերպ ասած, երբ որևէ սուբյեկտ հայտնվում է ոչ բարենպաստ ֆինանսատնտեսական իրադրության մեջ, սնանկության գործիքները միտված են այդ սուբյեկտին վերցնելու որոշակի պաշտպանության ներքո, ժամանակավորապես պաշտպանելու պարտատերերի գործողություններից, մինչև կպարզվի՝ արդյոք հնարավո՞ր է իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր, թե՝ ոչ։ Ֆիզիկական անձի սնանկության վարույթն ավարտվում է՝ անձին ազատելով որոշակի պարտավորություններից (եթե, իհարկե, անձի գործողություններն իրավաչափ են, բացակայում են քրեական տարրերը, կանխամտածված սնանկությունը և այլն), թեպետ օրենքով սահմանված մի շարք պարտավորություններ շարունակում են գործել, իսկ կազմակերպությունների դեպքում գործն ավարտվում է կա՛մ ֆինանսական առողջացման ծրագրի իրականացմամբ, կա՛մ լուծարմամբ ու տնտեսական շրջանառությունից դուսրբերմամբ։
Սնանկության գործիքները նպատակ ունեն հավասարակշռելու պարտատերերի և պարտապանի շահերը և պաշտպանելու բոլոր կողմերի իրավունքները։ Ահա թե ինչու, լա՛վ տիրապետեք օրենսդրական կարգավորումներին ու մի՛ դիտարկեք սնանկությունը որպես անբարեխիղճ կերպով պարտավորություններից ազատվելու միջոց, իսկ եթե, այնուամենայնիվ, անվճարունակությունն անխուսափելի է դարձել, դիմե՛ք իրավանաբական օգնության՝ գործընթացն առավելագույնս առանց ցնցումների հաղթահարելու համար։